Страницы

воскресенье, 21 апреля 2013 г.

Հովհաննես Թումանյան



ՈՒԼԻԿԸ

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։
Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի... Գնա՛... Չեմ ուզում քեզ...»
Ու գայլը հեռանում է, գնում։
Գալիս է մայրը, դուռը ծեծում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.
— Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։
Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՛ր։ Էնպե՛ս վախեցա՛, էնպե՛ս վախեցա՛... Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛...
— Պա՛, պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։— Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։
Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։
—Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...
— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք...
— Բե՛ր, բե՛ր, բե՛ր...
Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։
— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։
Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.
— Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...
— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։
— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։
Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.
— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։
— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։
Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։
Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.
— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...
Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.
— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է...
Զոքանչը թե.
— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։
Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։
— Կացինն ի՞նչ բան է,— հարցրին գյուղացիք։
Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.
— Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։
Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։
Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։
— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։
Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.
— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։
Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։
Գյուղացիք սարսափած վագեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:
Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։
Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։
— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։
Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։
Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։
— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։
— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։
— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։
Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։
— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։
— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։
Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։
Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ թերում։
— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։
Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։
Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։
— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։
Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։
Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։
— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր... հիմի ես ի՞նչ անեմ..
— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։
Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։
Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։
Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։
— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։
— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ...
Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։
— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։
— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտվեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։
— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատաոփ,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։
Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։
Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։
— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։
Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։
— Էս ո՞ւմ նախիրն է։
Ասում են.
— Շահ-Մարինը։
— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։
Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է։
— Շահ-Մարինը։
Հովիվներին էլ նույնն է ասում։
Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։
— Էս ո՞ւմ արտերն են։
— Շահ–Մարինը։
Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։
Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։
— Էս ո՞ւմն են։
— Շահ-Մարինը։
Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։
— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։
— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։
— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։
Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։
Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։
Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։
Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։
— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։
Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։
Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։
— Էս ո՞ւմ արտերն են։
— Չախչախ թագավորինը։
Հասնում են խոտհարքներին։
— Էս ո՞ւմն են։
— Չախչախ թագավորինը։
Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։
Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։
Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։
Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։
Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։
Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։


ՈՍԿՈՒ ԿԱՐԱՍԸ

Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։
Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզ չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։
— Հեյ, աչքդ լուս,— ասում է,— քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար։
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատերը։— Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։
Սկսում են վիճել, սա ասում է՝ քունն է, նա, թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ գանգատ։
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է.
— Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել՝ իմն է։
Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի։ Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում՝ ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ... Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։
— Չէ՛, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերը,— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկ գնում են, ետ գալի, թե՝ ճշմարիտ, ոսկի է։
— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է.— երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր։ Վեր է կենում մին էլ գնում։
Կարասը բաց է անում, դարձյալ մեջը լիքը օձ։
Էս ի՛նչ հրաշք է, ի՛նչ միտք ունի, չեն հասկանում։
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։
— Բացատրեցեք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հոդում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։
— Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։
Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու։
— Լա՛վ,— ասում է,— դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։
— Իհարկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։
— Չէ, վարողինն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։
— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,— կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք՝ տղա կամ աղջիկ։
Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։
Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ։



ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ


Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։
— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.
— Դե գնա ինձ համար ջուր բեր։
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղբյուրն ասում է.
— Դե գնա կուժ բեր։
Աղվեսը գնում է աղջկա մոտ։
— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղջիկն ասում է.
— Դե գնա ուլունք բեր ինձ համար։
Աղվեսը գնում է չարչու մոտ։
— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Չարչին ասում է.
— Դե գնա ինձ համար ձու բեր։
Աղվեսը գնում է հավի մոտ։
— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է.
— Դե գնա ինձ համար կուտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ։
— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

ԾԻՏԸ


Լինում է, չի լինում մի ծիտ։
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է.
— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։
Պառավն ասում է.
— Փուշը թոնիրն եմ գցել։
Ծիտը կանգնում է, թե՝
— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.
— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ լոշը ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։
Հովիվն ասում է.
— Կերա։
— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.
— Ի՞նչ եք մոլորել։ Ա´յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պլստեմ։
Գնում է, գալի, թե՝ իմ գառը տվեք։
Ասում են.
— Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք։
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։
Ու հարսին առնում է թռչում։
Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։
Ասում է.
— Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր։
Աշուղը ասում է.
— Հարսը գնաց իրենց տուն։
Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ։
Աշուղը սազը տալիս է իրեն։
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։



0 коммент. on "Հովհաննես Թումանյան"

Отправить комментарий

 

Baby blog Copyright 2013 Baby Blog